2021 թվականի դեկտեմբերի 6-ին «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ընկերությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։
Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․ «Հայաստանում դեղարտադրությունն իրագործելով իր ներուժը, ևս մի մեծ քայլ կատարեց, որը շատ ուրախալի փաստ է։ Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ։ Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում, և մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»։
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր խոսքում ներկայացրեց, որ նախարարությունը բավականին երկար ճանապարհ է անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» ընկերության և ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ։
«ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, ամփոփելով ասուլիսը, ասաց․ «Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը կարևոր հաջողություն է թե՛ մեր ընկերության, թե՛ երկրի համար։ Հարկ եմ համարում շեշտել, որ մեր ընկերությունը ռուսական կողմի հետ տեխնոլոգիական տրանսֆերի արդյունքում իրականացնում է պատվաստանյութի լիարժեք արտադրություն՝ ստացված սուբստրատ-սուբստանցիան ենթարկելով տեխնոլոգիական վերամշակման, իրականացնելով առաջնային և երկրորդային փաթեթավորում՝ ապահովելով արդեն պատրաստի արտադրանքի հատուկ սառնարանային պայմաններում պահպանումը»։
Տեղական շուկայի պատվաստանյութի կարիքներն բավարարելուց հետո ընկերությունը, ՈՒՆՌՀ-ի (РФПИ) հետ համագործակցելով, պլանավորում է Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի արտահանում իրականացնել երրորդ երկրներ ։